Աղբիւր՝ www.armenpress.am
Սպիտակի երկրաշարժից մի քանի օր անց «Ուկրինֆորմ»-ի նախկին տնօրէն Վիկտոր Չամարան այցելել է Հայաստան, եղել աղէտի գօտում, շփուել բնակիչների հետ: Այն, ինչ տեսել ու լսել է, Չամարան 26 տարի անց էլ չի կարողանում մոռանալ: Փլատակներ, սեւազգեստ մայրեր, տարակուսանք, վախ ու անելանելի վիճակում յայտնուած մարդիկ, ովքեր կորստի մեծ ցաւով փորձում էին գոյատեւել: Սպիտակում եւ Վանաձորում լսած պատմութիւնները, ռեպորտաժների հերոսները շատ են: Չամարան խոստովանում է, որ որեւէ մէկին առանձնացնել չի ցանկանում. անկախ պատմութիւններից` բոլորի աչքերում նոյն բանն էի կարդում`մեծ ցաւ:
«Սպիտակում միայն փլատակներ էին, ամէն ինչ հողին էր հաւասարուել: Եթէ Սպիտակը, պատկերաւոր ասած, վերածուել էր մահացած քաղաքի, ապա Կիրովականում աւելի շատ մարդ կար, նրանք ապրում էին վրաններում: Ձմեռը շատ խիստ էր. դրսում երեսուն աստիճան ցուրտ էր: Մենք ոչ միայն լուսաբանում էինք կատարուածը, այլեւ քաջալերում մարդկանց, օգնութիւն տրամադրում: Մեր պարտքն էինք համարում մարդկանց քաջալերել: Մտնում էինք վրանները, զրուցում: Այդ ամէնը, անշուշտ, որոշակի ազդեցութիւն ունենում էր, քանի որ լինելով այդ վիճակում, տեսնելով այդ ամէնը, կարիք կար նման զրոյցների, որ ձեր հայրենակիցները մտածէին ապագայի մասին, արագ ոտքի կանգնէին: Ես յիշում եմ, որ Կիրովականում տուժածներին օգնութիւն ցուցաբերելու գրասենեակը գտնւում էր չորրորդ յարկում եւ մենք գրեթէ ամէն րոպէ ներքեւ էինք վազում, քանի որ ցնցումնէր էին լինում»,- «Արմէնպրես»-ի հետ զրոյցում ասում է Չամարան:
Անցած քսանվեց տարիների ընթացքում Չամարան այլեւս չի այցելել աղէտի գօտի: Ասում է`շատ է ցանկացել, սակայն ժամանակ չի եղել, բացի այդ, եղել է ներքին մի զգացողութիւն, որ իրեն թոյլ չի տուել այցելել:
«Ես գիտեմ, որ այնտեղ վերականգնողական աշխատանքներ են կատարւում, շատերը բնակարան են ստացել, որոշները դեռ ապրում են տնակներում: Այդ պատմութիւններից յետոյ այլեւս Սպիտակ կամ Կիրովական չեմ այցելել: Գուցէ մի օր այցելեմ, երբ արդէն երկրաշարժի հետք այնտեղ չի լինի»,- ասաց Չամարան:
Քսանվեց տարի առաջ Սպիտակի ահեղ երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը: 1988 թուականի դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի մօտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցաւ աւերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնութեամբ: Հաշուած վայրկեանների ընթացքում լրիւ կամ մասնակի աւերուեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանաւան քաղաքները, Սպիտակի, Ախուրեանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանաւանի շրջանների հարիւրից աւելի գիւղեր ու բնակավայրեր։ Զոհուեց 25,000-ից աւելի մարդ, 500,000-ը մնաց անօթեւան։ Շարքից դուրս եկաւ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածութիւն։ Երկրաշարժի հետեւանքով լրիւ կամ մասամբ աւերուեցին աւելի քան 230 արդիւնաբերական օբեկտներ՝ 82,000 աշխատատեղով։ Հայաստանի տնտեսութեանը հասցուած վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։